Սարդարապատի հերոսամարտ

images

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27-ը, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

Թուրքական զորքերի ներխուժումը Հարավային Կովկաս 1917 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918 թ-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատրազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների և դրանցից առաջինը շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը ՝ դեպի Վանաձոր : Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ: Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Արամ Մանուկյանը: Նրա հրահանգով երևանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը: Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Դրաստամատ Կանայանը /Դրո/: Ճակատամարտի ընթացքը Առաջին խմբավորումը մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով։ Մայիսի 22-ի վաղ առավոտյան տագնապով ղողանջեցին Սուրբ Էջմիածին Մայր տաճարի կոչնակները, բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը։ Ժողովուրդը զինվեց։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին: Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 26-ը: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով: Ճակատամարտում իրենց քաջությամբ աչքի ընկան ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ-Փիրումյանը, ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-մայոր Պողոս Բեկ-Փիրումյանը, փոխգնդապետ Կարո Հասանփաշյանը, կապիտան /հետագայում Խորհրդային Միության մարշալ/ Հովհաննես Բաղրամյանը, եպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, ապագա գրող Ակսել Բակունցը, բազմաթիվ ֆիդայիներ։ 1968 թ-ին ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը /հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը/: Մեծ է եղել եզդի ազգի և նրա զորահրամանատար Ջհանգիր աղայի ներդրումը: Եզդիները հայերի հետ ենթարկվել էին ցեղասպանության, և այժմ, թուրքերի հաղթանակի դեպքում, նրանց սպասում էր վերջնական ոչնչացում: Ահա թե ինչու խիստ դժվար էր թուրքերի առաջխաղացումը Արևմտյան Հայաստանից մինչև Արևելյան Հայաստանի մերձկասպյան գավառները: Թուրքերի հարձակումը Երզնկայից մինչև Բաքու տևեց մոտ իննը ամիս: Հայերի կողքին կռվում էին նաև նրանց թեկուզ փոքրաթիվ, սակայն հավատարիմ դաշնակիցները: Այդ թվում`   եզդի նվիրված և քաջ մարտիկները: Սարդարապատի ճակատամարտում մասնակցել է մոտ 8.500 հայ և մոտ 500 եզիդի մարտիկ: Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռ ընթացող Բաշ-Ապարանի մարտերին ընդհանուր հաշվարկով մասնակցել է մոտ 5.500 հայ զինվոր և մոտ 500 եզդիներ`  Եզդի ժողովրդի դերը այս ճակատամարտերում շատ գնահատելի է եղել: Այդ դժվարին օրերին Ջհանգիր աղան նաև կարևոր դեր էր տանում ռազմաճակատում և թիկունքում`   իր շուրջ համախմբելով հայ և եզդի շատ ֆիդայինների: Սա ցույց էր տալիս, որ հայերը փոքր ազգերի նկատմամբ ունեցել են խիստ մարդկային, բարեկամական ու եղբայրական վերաբերմունք, որն էլ փոխհատուցվում էր փոքր դաշնակիցների`   հայերին ցուցաբերված անկեղծ ու նվիրյալ զինակցությամբ:  Ճակատամարտի նշանակությունը Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

Design a site like this with WordPress.com
Get started